Ուսումնական կենտրոնի ստեղծման գաղափարը ծնվել է դժվարին ժամանակաշրջանում. 2001–2002 թթ. մեր երկիրը դեռևս չէր ապաքինվել տնտեսական ճգնաժամի արհավիրքներից, չէին հաղթահարվել անկայունությունն ու մարդկանց անվստահությունն ապագայի նկատմամբ: Աշխատատեղ ստեղծելու ցանկացած փորձ խիստ վտանգավոր էր, քանի որ հնարավոր չէր նպատակամետ կանխատեսումներ կատարել գոնե երեք–չորս տարի ժամանակահատվածի համար: Նման պայմաններում արհեստների ուսուցման կենտրոնի հիմնումը և այդ գործի կայացմանն ուղղորդված ներդրումը շատ գործարարներ ուղղակի խելահեղություն կհամարեին, քանի որ տվյալ գործունեության շահութաբերությանը միանգամայն օրինաչափորեն կարելի էր սպասել տասնամյակներով:
Սակայն մենք վստահ էինք, որ մեր նախաձեռնությունը կպսակվի հաջողությամբ: Վստահ էինք, քանի որ հենց տնտեսական ճգնաժամի ու համատարած անկայունության պայմաններում են մարդիկ իրապես գիտակցում, որ ամենահուսալի ներդրումը սեփական կրթության և ինքնակատարելագործման համար արված ներդրումն է: Ձեռք բերված գիտելիքն ու հմտությունը, յուրացրած արհեստը երբեք չեն արժեզրկվի, դևալվացիայի չեն ենթարկվի, չեն կորչի սնանկ դարձած բանկի հաշիվներում:
«Մանանա» ուսումնական կենտրոնը կայացավ: 2002 թ. ստեղծվելով որպես «Տաթև գիտակրթական համալիրի» առանձնացված ստորաբաժանում՝ կենտրոնը հետագայում դարձավ նույն համալիրի ինքնուրույն կառուցվածքային միավորը, որը համալիրի հաղորդակցային ցանցերում ներգրավվածության շնորհիվ արդեն ինքնուրույն բանակցություններ է վարում եվրոպական մի շարք ուսումնական կենտրոնների հետ՝ մանագիտությունների ցանկն ընդլայնելու և լայնածավալ համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով:
Այսօր, երբ մենք իրականացնում ենք ընդլայնման խոշոր ծրագրեր, մեր երկրի տնտեսությունը դարձյալ ցնցվում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարվածներից: Սակայն սերն առ արհեստն ու գիտելիքը մեր ազգային գենոմի մեջ է, և մենք դարձյալ վստահ ենք, որ ոչ հեռու ապագայում «Մանանա» ուսումնական կենտրոնը կդառնա տարածաշրջանային նշանակության խոշոր ուսումնական կենտրոն: